Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Բանաստեղծություններ

Стихотворения на армянском языке

 

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ "ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ"

 

Եկեղեցին Հայկական ծնընդավայրն է հոգվույս,

Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լույս,

Իր գավիթովն հյուրընկալ, իր լայն թեմով ու հեռուն

Կանգնած իր լուռ խորանով, որ կարծես նավ մ’է ծփուն…

 

Եկեղեցին Հայկական ես աչքս գոց կտեսնեմ

Ու կշնչեմ, կլըսեմ` իր Հիսուսով մանկադեմ,

Իր սեղանենմխացող քուլա-քուլա խունկերով

Եվ իր պատերը ցնցող աղոթքներով ալեխռով…

 

Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հավատքին

Իմ պապերուս, որ հողեն զայն քար առ քար հանեցին

Ու երկինքե’ն իջուցին զայն ցող առ ցող, ամպ առ ամպ

Ու թաղվեցան անոր մեջ հանդարտությամբ, հեզությամբ…

 

Եկեղեցին Հայկական մեծ վարագույր մ’է բանված

Որուն ետև սըկիհին մեջ կիջնե ի’նքը Աստված,

Որուն առջև գլխահակ կուգա իմ ազգըս ամբողջ

Հաղորդվի~լ անցյալին հաց ու գինով կենսառողջ:

 

Եկեղեցին Հայկական ծովուն դիմաց ալեկոծ

Նավահանգիստ մ’է խաղաղ. ցուրտ գիշերին` հուր և բոց,

Ու տոթակեզ ցերեկին անտառ մըն է ստվերոտ,

Ուր շուշաննե~ր կծաղկին Շարականի գետին մոտ…

 

Եկեղեցին Հայկական մեն մի քարին տակ գետնի

Դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփա մը ունի…

Եկեղեցին Հայկական hայ հոգիին և մարմնույն

Զրահանդերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշույն

Եվ զանգակներն են բոմբյուն և երգն է մի~շտ հաղթություն: