Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Աղոթքներ

Молитвы на армянском языке

 

 

Աղոթք Սուրբ Աստվածածնին

 

Անկանիմք առաջի քո, սուրբ Աստուածածին, և աղաչեմք զանարատ զկոյսդ, բարեխօսեա' վասն անձանց մերոց, և աղաչեա' զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ և յամենայն վտանգից մերոց:

Դո՛ւ, Տիրուհի, որ համարձակ ես քո Միածին Որդու առաջ, աղաչի՜ր Իր արյամբ գնված հոտի համար, որպեսզի Նա պահի Իրեն ապավինողներին չարի բոլոր որոգայթներից և զանազան փորձություններից։ Ամեն։

 

 

Աղօթք Սրբոյն Գրիգորի Նարեկացւոց

 

Բան ԽԱ

 

Որդի Աստուծո կենդանւոյ, օրհնեալ յամենայնի Հօրդ ահաւորի անքնին ծնունդ, որ տկարանայ առ ի քէն և ոչինչ: Որ ի ծագել անստւեր նշուլից ողորմութեան քո փառաց` հալին մեղք, հալածին դևք, ջնջին հանցանք, խզին կապանք, խորտակին շղթայք, կենդանածնին մահացեալք, բժշկին հարուածք, ողջանան վերք, բառնին ապականութիւնք, տեղի տան տխրութիւնք, նահանջին հեծութիւնք, փախնու խաւարն, մեկնի մեգն, մերժի մառախուղն, փարատի մռայլն, սպառի աղջամուղջն, վարանայ մութն, գնայ գիշերն, տարագրի տագնապն, չքանան չարիքն, հալածին հուսահատութիւնքն, և թագաւորէ ձեռն քո ամենակար, քաւիչդ ամենայնի: Որ ոչ եկիր կորուսանել զմարդկան ոգիս, այլ կեցուցանել. թող ինձ զանթիվ չարիսն իմ բազում ողորմութեամբդ: Զի դու միայն ես յերկնի անճառ և յերկրի անզնին, ի տարր գոյի և յեզրս ծագաց աշխարհի, սկիզբն ամենայնի և յամենայնի ամենայն լիմամբ օրհնեալ ի բարձունս: Եւ քեզ ընդ Հօր և Հոգւոյդ սրբոյ փառք յաւիտեանս. ամէն: 

 

 

Աղոթք Սուրբ Սարգսի բարեխոսության

 

Գերագույն պատիվ ստացար՝ բարեխոսելու Բանն /Աստծուն/, խնդրանքները կատարող, աղոթքները լսող, Արագահաս Սուրբդ Սարգիս, գերիներին ազատող, մեր անձերի համար բարեխոսիր Քրիստոսին, Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ Ամեն։

 

 

 

Երկնավոր Թագավորի Սուրբ զորապետ, Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս, պսակված Տիրոջ հաղթող խաչով, մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից․ Ամեն։

 

 

 

Աղոթք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսության

 

Հայաստան աշխարհի հավատքի հայր, աստվածագութ ծնող, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, աղոթքներով հայցի՛ր Երկնավոր Հորից,Նրա փառակից Որդուց և Սուրբ Հոգուց, որ մաքրի մեզ մեղքերից և ապրենք ճշմարիտ հավատով․Ամեն։

 

 

 

Սուրբ Գրիգոր Տաթևացի «Մաղթանք Սուրբ Հոգի Աստծուն»

 

Գա՛նձ լոյսի, փառակի՛ց՝ Որդուն, անճա՛ռ զօրութիւն, ահե՛ղ մեծութիւն, անբա՛ւ բնութիւն։ Լո՛յս՝ լոյսից, Ոգի՛ Բարձրեալի, պատկե՛ր անփոփոխ, պա՛րզ, անզննելի՛։ Արարի՛չ հոգիների ստեղծո՛ղ մարմինների, անո՛ւն պաշտելի, ճշմարի՛տ, բարի՛, անեղծանելի՛։ Հօր հետ էակից եւ Տէ՛ր բոլորի, աղաչո՜ւմ ենք՝ ահա ընդունի՛ր Քեզ դաւանողներիս երկրպագութիւնն ի հաճութիւն Քեզ։

 

 

 

Սուրբ Հովհան Ոսկեբերանի աղոթքը սուրբ Եկեղեցու դռան առջեւ

 

Տաճա՛ր Աստուծոյ եւ բնակարան Սուրբ Հոգու, որ քեզանից սուրբ Աւազանով կանչեց որդեգրուելու երկնաւոր Հօրը։ Այսօր քո մէջ կամեցաւ պատարագուել անարատ Գառը։ Եւ ես եկայ քո դռների առաջ եւ աղաչում եմ քեզ՝ մաքրի՛ր ինձ վերստին լուացմամբ, սրբի՛ր մեղքերից եւ արժանի՛ արա մտնելու սուրբ Սեղանիդ առաջ՝ երկրպագելու․ ամէն։   

 

 

 

Աղոթք ընդհանուր ննջեցյալների և մանավանդ՝ հարազատների և երախտավորների համար

 

Այլև աղաչում և խնդրում եմ Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված, մեր ազգի հին ու նոր և բոլոր հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների համար․ և մանավանդ՝ իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների և բարեկամների համար, նաև՝ հոգևոր վարդապետների, բարի /գործերի/ մեջ կրթողների և ուսուցիչների և մեր բոլոր ի Քեզ ննջած աշխատավորների և երախտավորների համար, որոնց հիշի՛ր Քո ողորմությամբ Քո գալստյան մեծ Օրը, թողություն շնորհիր նրանց բոլոր մեզքերին ու սխալներին և դասի՛ր Քո սուրբերի հետ աջակողմյան դասում և տո՛ւր լսել Քո երանավետ բարբառը, թէ՝ եկէ՛ք, Իմ Հօ՛ր օրհնյալներ։ Եվ, ըստ նրանց՝ մեր հանդեպ երախտիքների, մեկի դիմաց բյուրապատի՛կ հատուցիր նրանց հոգիներին և անդատապա՛րտ դարձրու մեզ նրանց պարտքից։ Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից․ Ամեն։  

 

 

Ճաշից առաջ

 

Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրը, որ մեզ համար պատրաստված է Տիրոջ կողմից, օրհնյալ է Տերն Իր պարգևներով: ԱՄԵՆ:

 

Ճաշակեսցուքխաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզ ի Տեարնէ. Օրհնեալ է Տեր ի պարգեւս Իւր. ԱՄԵՆ:

 

 

Ճաշից հետո

 

Զլիութիւն ի վերայ սեղանոյս անհատ ու աննուազ արասցէ Քրիստոս Աստուած մեր, որ զմեզ կերակրեաց եւ լիացոյց. Նմա փառք յաւիտեանս. ԱՄԵՆ:

Փա'ռք կերակրողին տիեզերաց, որ զմեզ կերակրեաց եւ լիացոյց. Նմա փա'ռք յաւիտեանս.

ԱՄԵՆ:

 

 

Գործ սկսելուց առաջ

Զգործս ձեռաց մերոց ուղի'ղ արա ի մեզ, Տէ'ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա' մեզ:

 

Ուցո' զիս, Տէ'ր, առնել զարդարութիւն, խոսիլ զճշմարտութիւն, սիրել զսրբութիւն եւ ատել զաղտեղութիւն, խոտորիլ ի չարեաց եւ գնալ ի ճանապարհս բարեաց. ԱՄԵՆ:

 

 

Ճանապարհ գնալուց առաջ

 

Տէ'ր, ուղղե'ա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան: Տէ'ր, ուղղեա' եւ առաջնորդեա' հոգւոց մերոց եւ ամենայն հաւատացելոց' գմալ ի ճանապարհս խաղաղութեան եւ ի կեանս արդարութեան եւ ի կեանս յաւիտենից. ԱՄԵՆ:

 

 

Տէր, ողորմեա

 

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն. և հիւանդաց բժշկութիւն. Ազգից Հայոց աիցելութիւն:

Տէր, ողորմեա…

 

Արի Աստված հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց. հաս յօգնութիւն ծառայից քոց, լեր օգնական ազգիս Հայոց:

 

Տէր, ողորմեա…

 

Ամենասուրբ Երրորդութիւն, ի քէն հայցեմք մեզ օգնութիւն, ննջեցելոց արքայութիւն, Ազգիս Հայոց սեր, միութիւն:

Տէր, ողորմեա…

 

Ողորմութիւն մեզ պարգևեա, զհիւանդ հոգիս մեր բժշկեա, ի բանսարկուէն զմեզ փրկեա և ի չարեաց անփորձ պահեա:

 

Տէր, ողորմեա…

 

Խնդրեմք ի քէն արտասուելով և պաղատիմք զայս ասելով, զմեղս մեր մի' յիշեսցես, այլ գթութեամբ քով քավեսցես:

 

Տէր, ողորմեա…

 

Ժամանակին Նինվէացւոց. Արագ լուար ձայնի տղայոց. մի' բարկանար մեղաց մերոց. զի ստեղծուած եմք ի ձեռաց քոց: 

 

Տէր, ողորմեա…

 

Ժամեա մեզ ի յօգնութիւն, զի մի' մտցուք ի փորձութիւն, մաքուր մարմնով լինիլ ի քուն, արդար հոգւով մնալ արթուն:

 

Տէր, ողորմեա…

 

Յիսուս Քրիստոս. կարող Աստված քեզ աղաչեմք բազկատարած. լուր և մաքրեա զմեզ ի մեղաց. և ազատեա ի փորձանաց:  

 

Տէր, ողորմեա…

 

Արի, արի, հովիւ բարի, առ ի խնդիր քո ոչխարի. մեղաւոր եմ մեղաց գերի, խնայեա որդւոյ անառակի:

 

Տէր, ողորմեա…

 

Սուրբ Պատարագ հացն կենաց, ողորմութեան մեզ զդուռն բաց, խոստովանիմք Քրիստոս Աստված, փրկեա զաշխարհ ի փորձանաց:    

 

Տէր, ողորմեա…

 

Միջնորդութեամբ Սրբոյ Խաչին և անարատ Սուրբ ծնողին. զհեղումն արեան Փրկչին. ել ի խնդիր փոքու հօտին:

 

Տէր, ողորմեա…

 

Քո անպատում խոնարհութեամբ և կամաւոր խաչելութեամբ, հաշտեա ընդ մեզ Տեր գթութեամբ և թող զմեղս ողորմութեամբ:

 

Տէր, ողորմեա…

 

Գովեալ ես դու փայտ փրկութեան, ամենօրհնեալ յաղթող նշան. ընդ լուսակալ առաւօտեան, ծագեա մեզ զլոյս Արփիական:

 

Տէր, ողորմեա…

 

Աստուածածին ամենօրհնեալ. զպաղատանս մեր ընկալ. ի նեղութեան ժամուս հասեալ, առ քեզ գոչեմք անձամբ թախծեալ:

 

Տէր, ողորմեա…

 

Աստուածածին զքեզ ունիմ յոյս. բարեխօսեա մոլորելոյս, և ողորմեա Տէր իմ Յիսուս, հոգւով մարմնով կորուսելոյս:

 

Տէր, ողորմեա…

 

Բանին Կենաց բարձող եղեր, զԱստուած մարմնով փառակրեցեր առ Տէր Արքայն բարեխօս լեր, ի փորձանաց զմեզ փրկել:

 

Տէր, ողորմեա…

 

Սրբուհի մայր ողորմութեան, քեզ աղաչեմք մեք միաբան, բարեխօսեա առ Տէր Արքայն, վասն աշխարհիս խաղաղութեան:

 

Տէր, ողորմեա…

 

Խնդրեմք ի քեն Հայր պատվական, Լուսավորիչ ազգի մարդկան, Տէր Սուրբ Գրիքոր պետ պարթևյան, լե'ր մեզ պարիսպ և պահապան:

 

Տէր, ողորմեա…

 

Ով Սերովբէք և Քերովբէք, մեղաւորաց ձայն լսեցեք, զԱստուած ընդ մեզ հաշտեցուցէք անշէջ հրոյն ազատեցէք:

 

Տէր, ողորմեա…

 

Աղաչանօք Սուրբ հրեշտակաց, և աղօթիւք վերին զօրաց, լուր Տէր ձայնի մեղաւորաց, և ազատեա ի փորձանաց:

 

Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

 

 

Աղօթք վասն կապանաց դիւաց եւ կախարդաց, աղանդաւորաց եւ դատաստանի յաջողելոյ

 

Թագաւոր հզօր, ապաւէն ծարաւելոց, փրկիչ նեղելոց, որ վասն մեր խոնարհեցար ի հայրական ծոցոյ եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, մատնեցար, ըմբռնեցար, չարչարեցար, խաչեցար եւ թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. զարթո' զզօրութիւն քո եւ ե'կ ի կեցուցանել զգինս արեան քո Տէ'ր, եւ մի' տար գերել սատանայի զքո փրկեալս, եւ մի' տար բնակութիւն չարին` զտաճար անուանդ քոյ սրբոյ. եւ մի' զլքեալս քեզ մարմին եւ անդամ թողուլ ի կոխումն եւ ի կատականս չարին. այլ գթա' ի քո արարածս արարչական սիրով. Տէ'ր, ողորմեա մեզ, զի ի Խաչ պարծելով պարծեցաք, եւ պահելով պահեսէ զմեզ յերեւելի եւ աներեւույթ թշնամւոյն. եւ լիցի պահապան ծառայիս Աստուծոյ. ամէն:

 

Չար իշխանքն հալածին,

 

Որք ընդ ծառայս քո մարտնչին.

 

Երեւելով նշան Խաչին,

 

Աներեւույթք կործանեսցին:

 

 

 

Աղօթք վասն ական չարի և լեզւի չարի

 

Տէր Աստուած մարդասէր, մարդասիրի Հօր որդի, դու ես պահապան եւ օգնական յուսացելոցս ի քեզ ողորմութեամբ քո ի ծառայս, եւ պահեա' անփորձ ի չարէ եւ անսայթաք յորոգայթէ երեւելի եւ աներեւոյթ թշնամւոյն. պահեա' ի չար աչաց եւ ի չար լեզուէ, ի սրոյ եւ յամենայն հարուածոց երեւելոց եւ աներեւոյթից պահեա' զծառայս քո. ամէն: