Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Առակներ և հեքիաթներ

Притчи и сказки на армянском языке

 

 

Վարդան Այգեկցի "Կաքավն ու որսորդը"

 

Որսորդը մի կաքավ է բռնում և կամենում է սպանել: Կաքավը լաց է լինում ու ասում. “Ինձ մի’ սպանիր. Ես շատ կաքավներ կբերեմ ու կհանձնեմ քո կամքին”: Եվ ասում է որսորդը նրան. “Հիմա դու կմեռնես իմ ձեռքով, քանի որ կամենում ես քո մերձավորներին ու ցեղակիցներին մահվան մատնել”:

 

 

Վարդան Այգեկցի "Գորտ- Բժիշկը"

 

Գորտը, հավանգն ու քսուքի ամանն առած, շրջում էր ամենուր ու ասում. “Ես բժիշկ եմ, գիտնական և բոլոր հիվանդությունները կարող եմ դարմանել”: Եվ բոլոր կենդանիները հավաքվում են գորտի շուրջը, որ նա իրենց բուժի: Գալիս է աղվեսը և տեսնելով բժիշկն` ասում է. “Դու ինքդ ոտքից գլուխ գորտնուկների ու պզուկների մեջ ես, ուրիշներին ինչպե՞ս ես բուժելու:”

 

 

Օլոմպիանոս "Ավանակը առյուծի մորթու մեջ"

 

Էշը, վրան առնելով առյուծի մորթին, առյուծ ձևացավ, հեռվից սարսափ տարածեց և նույնիսկ փախուստի մատնեց կովերի նախիրն ու ոչխարների հոտը: Եվ երբ սաստիկ քամի ելավ ու էշի վրայից քշեց տարավ առյուծի մորթին, նրա խաբեությունը բացահայտվեց. բոլորն սկսեցին ծեծել ու խարազանել նրան, քանի որ նա, էշ լինելով, առյուծ է ձևացել:

 

 

Մխիթար Գոշ "Աստված ու նրա արարվածքը"

 

Աստված աշխարհն արարելիս վախ ուներ, թե իր արարածները երբևէ իրեն կհակաճառեն: Եվ նա ծանրը խառնեց թեթևի հետ, ուժեղը` թույլի, որպեսզի եթե նրանք հակադրվել կամենան, ապա հակադրվեն միմյանց, աիլ ոչ թե Արարչին:

 

/Այս առակը թագավորներին սովորեցնում է, որ նրանք միմյանց հակադրեն մեծերին ու փոքրերին, որպեսզի նրանք կռվեն միմյանց, այլ ոչ թե թագավորների դեմ: “Մեծեր ու փոքրեր” ասելով’ հեղինակը նկատի ունի մեծահարուստներին ու նրանց հպատակներին:/